ՀՀ Կառավարությունը գումարել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է հարց, ըստ որի` «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:Սա ինքնին ենթադրում է, որ ՀԷՑ-ը վաճառվում է:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է շահագրգիռ մարմինների ղեկավարներին` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները, այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:
Շահագրգիռ կառույցները նաև պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տան եզրակացություն:
Որոշման նախագիծը քիչ առաջ է ընդգրկվել կառավարության նիստի օրակարգ, եւ կքննարկվի ավելի ուշ:
Փայլակ Ֆահրադյան