Այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են Կոստանտին Հունանյանին (Ալավերդյանցի Կոկո) , Աշոտ Կարինյանին և Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին գրել է shamshyan.com-ը և հավելել, որ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում էր կատարվել:
Politik.am-ը պարզեց, որ Ալավերդյանցի Կոտոն նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ազգականն է: «Anushanahit.livejournal.com» բլոգը դեռևս 2012 թվականին գրել էր, որ Կ. Հունանյանը նախկին վարչապետի ազգականն է և հղում էր կատարել asekose.am կայքին, որը, սակայն հեռացրել է այդ նյութը:
Operativ.am-ի տարիներ առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն, որը ոչ հերքվել է և ոչ էլ հաստատվել՝ Կ. Հունանյանը Կոտոն ծեծի էր ենթարկել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի եղբորորդուն այն աստիճան, որ վերջինս վիրահատվել է: